Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

«Չեմ կարծում, թե ռուս-ամերիկյան համատեղ պարտադրանքով Հայաստանում իշխանափոխություն կատարելու ընդդիմության հույսերը կարդարանան»

«Չեմ կարծում, թե ռուս-ամերիկյան համատեղ պարտադրանքով Հայաստանում իշխանափոխություն կատարելու ընդդիմության հույսերը կարդարանան»
19.06.2009 | 00:00

«ՏԱՐԲԵՐ «ԽՈՐՀՐԴԱՏՈՒՆԵՐԻ» ՄԱՏՈՒՑԱԾ ՈՉ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎՐԱ ԱՆՀԻՄՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՌՈՒՑԵԼԸ ԼՈՒՐՋ ՉԷ»
Հայաստանում ստեղծված ներքաղաքական կացությունը և հնարավոր արտաքին զարգացումները մեկնաբանում է ՀՀ նախագահին առընթեր քաղաքական հետազոտությունների ինստիտուտի փորձագետ, վերլուծաբան ՍԵՐԳԵՅ ՇԱՔԱՐՅԱՆՑԸ:
-Պարոն Շաքարյանց, քաղաքային ավագանու ընտրությունների արդյունքներից խիստ դժգոհ Հայ ազգային կոնգրեսը, այնուհանդերձ, դադարեցրեց հանրահավաքային գործողությունները երեք ամսով։ Մինչդեռ սպասվում էր, որ ընտրություններից հետո ընդդիմությունն աննախադեպ կակտիվանա։ Ինչո՞վ է պայմանավորված Լևոն Տեր-Պետրոսյանի այս քայլը։
-Հիմնական պատճառն այդ նույն ընտրությունների արդյունքներն են։ Որքան էլ ՀԱԿ-ը մեղադրի իշխանություններին կեղծիքների, ձայներ գնելու և տարաբնույթ այլ մեղքերի համար, այնուհանդերձ, հնարավոր չէ անտեսել այն փաստը, որ Կոնգրեսը 20-25 տոկոսից ավելի ձայն չունի մայրաքաղաքում։ Նախագահական ընտրություններում Լևոն Տեր-Պետրոսյանի օգտին քվեարկել էր 152 հազար, իսկ Երևանի քաղաքային ավագանու ընտրություններում` մոտ 70 հազար մարդ։ Սա է իրականությունը, ինչն ապացուցում է, որ իրական, ոչ թե վիրտուալ Երևանը հույս է կապում նրանց հետ, ովքեր այսօր իրենցից ռեալ ուժ են ներկայացնում, կարող են քաղաքային խնդիրների լուծումներն ապահովել։ Թե ինչքանով այս սպասելիքները կարդարանան, այլ հարց է, սակայն փաստն այն է, որ ՀԱԿ-ը ոչ մի ծրագիր չէր առաջարկում քաղաքային կառավարման իմաստով։ Քաղաքային ավագանու ընտրությունները Լևոն Տեր-Պետրոսյանն ու իր կողմնակիցները փորձում էին վերածել նախագահական ընտրությունների երկրորդ փուլի։ Այդ մարտավարությունը չհաջողվեց։
-Որովհետև նաև ՀԱԿ-ի համակիր ընտրազանգվածի մի զգալի մասն ուղղակի ընտրատեղամաս չեկավ։
-Ինչպես նաև մի մասն էլ իր ձայնը տվեց իշխանության կուսակցությանը։ Եթե առկա է հիասթափություն, ո՞վ կարող է պնդել, որ նույն այդ ընդդիմության համակիրների մի մասի համար ավելի համոզիչ չի եղել իշխանության ներկայացրած ծրագիրը։
-Կա տեսակետ, որ ռուս-ամերիկյան համատեղ պայմանավորվածությամբ ոչ հայանպաստ զարգացումներ են սպասվում Ղարաբաղի հարցում։ Շրջանառվում են լուրեր, թե Հայաստանի նախագահին կառաջարկվի ղարաբաղյան հակամարտության կարգավորման այնպիսի փաթեթ, որը ստորագրելու դեպքում քաղաքական ուժերը նրան կստիպեն հրաժարական տալ, չստորագրելու դեպքում` գերտերությունները։ Ասում են նաև, որ ընդդիմության հիմնական հույսերը, իշխանափոխության առումով, այդ զարգացումների հետ են կապված։
-Այդ թեզը վերջին հանրահավաքի իր ելույթում փորձեց զարգացնել նաև Տեր-Պետրոսյանը` մեղադրելով Արևմուտքին, որն իբր փորձում է Հայաստանին Ղարաբաղի հարցում կապիտուլյացիա պարտադրել և դրա համար էլ, իբր, մատների արանքով նայեց ընտրություններում տեղի ունեցած խախտումներին։ Սա հիմնավոր տեսակետ չէ, որովհետև նույն ԱՄՆ-ի դեսպանը Հայաստանում իրեն թույլ տվեց այնպիսի քննադատություն ընտրությունների վերաբերյալ, որից օտարերկրյա դիվանագետներն ընդհանրապես զերծ են մնում։ Մյուս կողմից, ռուս-ամերիկյան ինչ-որ համաձայնությունները Լեռնային Ղարաբաղի նման շատ մասնավոր հարցի շուրջ անհնարին են, եթե նրանց մեջ կան շատ ավելի մեծ հակասություններ։ Չեմ կարծում, թե ռուս-ամերիկյան համատեղ պարտադրանքով Հայաստանում իշխանափոխություն կատարելու ընդդիմության հույսերը կարդարանան։
-Ինչո՞ւ եք այդպես համոզված։
-Որովհետև պետք է ոչ միայն նայել, թե ինչ է կատարվում Հայաստանում, այլև, որ ավելի կարևոր է, Հայաստանի շուրջ։ Դրսից տարբեր «խորհրդատուների» մատուցած ոչ հավաստի տեղեկատվության վրա անհիմն տեսություններ կառուցելը լուրջ չէ։
-Իսկ ի՞նչ է կատարվում Հայաստանի շուրջ, որ հակասում է այդ տեսակետին։
-Մասնավորապես վերջերս, ռուսական բանակի գլխավոր շտաբի պետ, գեներալ Մակարովը ծավալուն հարցազրույցում մատնացույց էր արել Ռուսաստանի հավանական ռազմական հակառակորդներին, նշելով, որ դա ԱՄՆ-ն է և ՆԱՏՕ-ն առհասարակ։ Հիմա մեր ընդդիմությունը թող բարի լինի բացատրելու, թե ինչպես պետք է հավանական ռազմական հակառակորդ պետությունները, բազմաթիվ վիճելի հարցերը թողած, համաձայնության գան հենց Ղարաբաղի հարցում` Հայաստանի նախագահին իշխանությունից հեռացնելու հատուկ նպատակով։ Այս ամենը, ի վերջո, արդեն զավեշտի է վերածվում։ Օրինակ, ի սկզբանե պարզ էր, որ Սանկտ Պետերբուրգում ոչ մի փաստաթուղթ չի ստորագրվելու, բայց մեր ընդդիմադիր լրատվամիջոցները համառորեն շարունակում էին կանխատեսել, թե ինչ-որ բան, այնուամենայնիվ, պարտադրվելու է։ Սերժ Սարգսյանը ինչ-որ բան ստիպված է լինելու ստորագրել։ Ինչպես տեսանք, ոչինչ էլ չստորագրվեց։
-Հուլիսին ԱՄՆ-ի նախագահը կայցելի Մոսկվա, և եթե ռազմավարական սպառազինությունների կրճատման 3-րդ պայմանագրի հետ կապված ռուս-ամերիկյան համաձայնությունները կայանան, ապա չի բացառվում, որ Կովկասի, կովկասյան հակամարտությունների հետ կապված էլ ինչ-որ փոփոխություններ լինեն։
-ՈՒրեմն, կրկին անդրադառնամ գեներալ Մակարովի հարցազրույցին։ ՈՒշադրության է արժանի այն հանգամանքը, որ ռուսական բանակի գլխավոր շտաբի պետն Իրանի կողմից Ռուսաստանին ուղղված վտանգ չի տեսնում, բայց մատնանշում է այդպիսի վտանգներ Արկտիկայում, իսկ Մերձավոր Արևելքում և Կենտրոնական Ասիայում` ահաբեկչության նոր ալիքի ծավալման ձևով։ Ինչ վերաբերում է ռազմավարական սպառազինությունների կրճատման 3-րդ պայմանագրին, որ քննարկվելու է Օբամա-Մեդվեդև հանդիպման ժամանակ Մոսկվայում, ապա այն օրակարգի առանձին հարց չէ, այլ անմիջականորեն առնչվում է Իրանի խնդրին և Եվրոպայում ամերիկյան հակահրթիռային պաշտպանության համակարգի տեղակայմանը։ Իսկ այս հարցերը լուծված չեն։ Սպասվում է, որ Օբաման Մոսկվայում խոսելու է ազգամիջյան հակամարտությունների կարգավորումից։ Բայց ի՞նչ է խոսելու։
Ռուսաստանն օրերս վետո կիրառելով ՄԱԿ-ում` հասավ նրան, որ ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության գործունեությունը Վրաստանում դադարեցվեց, որովհետև այն տարածվում էր նաև Հարավային Օսիայի և Աբխազիայի վրա, իսկ այդ դաշտում իրողությունները փոխվել են։ Մոսկվան հասկացնում է Վաշինգտոնին, որ ամերիկացիները չպետք է դիտարկեն Կովկասը որպես հնարավոր գործողությունների գոտի։ Ազդեցություն ունենալ կարող են, բայց գործողությունները բոլորովին այլ բան են։ Անդրկովկասը ռուսական Հյուսիսային Կովկասի «փափուկ փորատակն» է, և Ռուսաստանը չի կարող թույլ տալ այս տարածաշրջանում իր նկատմամբ ռազմական վտանգի առաջացում։ Վրաստանում ընթացող իրադարձությունները ցույց են տալիս (և այդ մասին վկայում են նույնիսկ Ալեքսանդր Դուգինի տիպի մարգինալները), որ Վրաստանի մասնատման վտանգը չի վերացել։ Եթե անգամ վրացական ընդդիմությունն ու իշխանությունն ամերիկացիների հովանավորությամբ իրենց ապահովագրված են համարում, ապա խորապես սխալվում են։
-Բայց ինչո՞ւ եք այդպես համոզված։
-Որովհետև ամերիկացիներին իր մտադրությունների լրջությունն ապացուցելու համար Մոսկվան փոքրիկ Աբխազիայում հզոր ռազմական խմբավորում է ձևավորում` վերածելով Աբխազիան իսկական պլացդարմի։ Այնտեղ ուժեղացված է դեսանտային զորքերի խմբավորումը, կան խոսակցություններ, որ ռազմական հետախուզության հատուկ ստորաբաժանումներից մեկը մշտապես տեղակայվելու է այնտեղ, T-90 տանկեր են տեղակայվել Աբխազիայում։ T-90-ը ամենաժամանակակից, գերարագընթաց և հարձակման համար նախատեսված տանկ է։ Եթե նկատի ունենանք, որ Ռուսաստանն իբրև հիմնական հակառակորդ է շարունակում դիտարկել ՆԱՏՕ-ն, իսկ տարածաշրջանում ՆԱՏՕ-ի անդամ միակ պետությունը Թուրքիան է, ապա հասկանալի է, որ այդպիսի հարձակողական տիպի զենքը Վրաստանի դեմ չի տեղակայված։
-Դրան հակակշիռ ԱՄՆ-ը Վրաստանում իր բազաները կտեղակայի։
-Այդ դեպքում կսկսվի բաց հակամարտություն, և Վրաստանի մասնատման վերաբերյալ մարգինալ Դուգինի մարգարեությունը կիրականանա։ Բայց նկատի ունենանք, որ Վրաստանի քաղաքական դաշտում, թեկուզ եվրոպամետ, բայց հստակ հակաամերիկյան բևեռն արդեն ձևավորվում է։ Հարավային Օսիայում պատերազմ նախաձեռնելու համար վրացական ընդդիմության ներկայացուցիչները` Խաինդրավան, Գամկրելիձեն, Բուրջանաձեն, մեղադրում են հենց ամերիկացիներին։ Իսկ նախկին արտգործնախարար Սալոմե Զուրաբիշվիլին այդպիսի հայտարարություն արել է Փարիզում դեռ անցած տարի, որ հենց ամերիկացիներն են դրդել վրացական իշխանություններին այդ գործողությանը և նույնիսկ կառավարել են այն։
Հասկանալի է, որ ԱՄՆ-ի հետաքրքրություններն Անդրկովկասով չեն սահմանափակվում, ու դա են ցույց տալիս իրադարձություններն Իրանում։ Մի կողմ թողնենք` որքանով է դա պայմանավորված էներգակիրների, նոր գազամուղներ և նավթամուղներ անցկացնելու խնդիրներով։ Բայց փաստ է, որ առաջնային նպատակը Ռուսաստանի մեկուսացումն է։
-Ի դեպ, Իրանում Մուսավիի կողմնակիցների բողոքի ակցիաներն ի՞նչ վերջնական արդյունքի կարող են հանգեցնել։ Նրանք կարողացան հասնել ձայների վերահաշվարկի, ի՞նչ է լինելու հետո։
-Կարծում եմ` Իրանում ամեն ինչ կավարտվի մեկ շաբաթից կամ քիչ ավելի ուշ։ Ինչպես դա տեղի ունեցավ 2006-ի մայիսին։ Այն ժամանակ էլ մեկ շաբաթ պետք եղավ ադրբեջանցիների հակապետական ելույթների օջախները մարելու համար։
-Նշեցիք Ռուսաստանին մեկուսացնելու ԱՄՆ-ի ցանկության մասին։ Ընդունեք, որ ամերիկացիներն այս առումով ձեռքբերումների հասել են։
-Ի սկզբանե նպատակ կար Ռուսաստանը շրջապատող երկրներից ձևավորել մի «կիսալուսին»` Մերձբալթիկայից մինչև Կենտրոնական Ասիա և այդպիսով շրջափակել Ռուսաստանին։ Բայց այդ ծրագիրը 2008-ի օգոստոսից, այսինքն` ռուս-վրացական պատերազմից սկսած, փլուզվում է։ Ինչպես 1999-ի ամռանը փլուզվել սկսեց Հյուսիսային Կովկասը Ռուսաստանից պոկելու ամերիկացիների ռազմավարությունը, երբ ոչ անհայտ Բասաևն իր ջոկատներով ներխուժեց Դաղստան, ու սկսվեց 2-րդ չեչենական պատերազմը։ Ինչ արդյունքների դա հանգեցրեց` այսօր բոլորի համար էլ ակնհայտ է։
-Սակայն Հյուսիսային Կովկասում վիճակը դեռևս չի կարելի կայուն համարել։
-Իհարկե, բայց միաժամանակ անհամեմատելի է նախորդ իրադրության հետ։ Ճիշտ է, բախումները շարունակվում են, երբեմն էլ` լուրջ մարտական գործողությունների տեսքով։ Բայց այն, որ իրավիճակը ռուսական ուժային կառույցները, ընդհանուր առմամբ, վերահսկում են, նույնպես կասկածից դուրս է։ Այնտեղ նախկին ազատությունը չունեն տարաբնույթ «իրավապաշտպան» կազմակերպությունները, ՆԱՏՕ-ի երկրների հետախուզությունների գործակալները, օրենքով սահմանված կարգով փակվում են թուրքական «մեդրեսեները» և «նուրչուլարները»։ Պատերազմը մտել է այլ հարթություն, բայց այն, որ վրաց-աբխազական սահմանին տեղակայվում է ռուսական հզոր ռազմական խմբավորում, ինքնին ցույց է տալիս, որ Մոսկվան մտադիր չէ դիրքերը զիջելու, և տարածաշրջանի համար ընթացող պայքարում վերջին խոսքը դեռ ասված չէ։ Դրան զուգահեռ նկատվել են ՆԱՏՕ-ի պառակտման, նույնիսկ նրա լուծարման շատ որոշակի ազդակներ։
-Ի՞նչ լուծարման մասին կարող է խոսք լինել, երբ ՆԱՏՕ-ն իրականում ընդլայնվում է։
-ՆԱՏՕ-ի այս տարվա ապրիլյան գագաթաժողովից առաջ դաշինքի լուծարման մասին խոսակցությունների լրջությունը կասկած չէր հարուցում։ Համենայն դեպս, փաստ է, որ ՈՒկրաինայի անդամակցությունը մերժելուց հետո ոչ անհայտ Զբիգնև Բժեզինսկին նամակ է գրել ՈՒկրաինայի նախագահ Յուշչենկոյին, բարձր գնահատել նրա քարոզչական ջանքերը ՆԱՏՕ-ին անդամակցության առումով, բայց միաժամանակ արձանագրել, որ այդ գործն այլևս հեռանկար չունի, քանզի այդպիսի բազմանդամ դաշինք պահելը շատ դժվար է ու թանկ է նստում։ Սա, իհարկե, չի նշանակում, որ Արևմուտքում չի ձևավորվի ՆԱՏՕ-ի տիպի մեկ այլ ռազմական կառույց, որը, սակայն, կունենա այլ խնդիրներ։
-Նկատի ունեք եվրոպական արագ արձագանքման կորպո՞ւսը։
-Այո՛։ Եվ այստեղ արդեն հարց է առաջանում, թե արդյոք եվրոպացիները կցանկանա՞ն, որ այդ եվրոպական ՆԱՏՕ-ն ղեկավարվի ամերիկացիների կողմից։ Հազիվ թե։ Միաժամանակ նույն եվրոպացիները չեն ցանկանա իրենց նոր ՆԱՏՕ-ում տեսնել ինչ-որ ՈՒկրաինա, Վրաստան, Ադրբեջան, և նույնիսկ Մերձբալթիկա։ Ոչ ոք այդ փոքր պետությունների պատճառով չի փչացնելու իր հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Եթե այս անգամ ՆԱՏՕ-ի ինքնալուծարման հարցը դաշինքի խորհրդում ամենաբարձր մակարդակով առաջ չի քաշվել, ապա միայն ամերիկացիների ճնշման արդյունքում։ Որովհետև Իրաքից ամերիկյան զորքերի դուրս գալու դեպքում ինչ-որ մեկը պետք է փոխարինի նրանց, ու, ըստ այդմ, ասպարեզ է բացվում ՆԱՏՕ-ի նորընծա անդամների` ալբանացիների, խորվաթների, լեհերի, չեխերի և այլոց համար։ Աֆղանստանում էլ վիճակը չի կայունացել, և այդ պատճառով էլ ՆԱՏՕ-ն առայժմ գոյություն ունի։ Բայց դրա լուծարման խոսակցություններն այնքան լուրջ են, որ Ֆրանսիայի պետնախարար Գուենն այդ կապակցությամբ նշել էր, թե վերջապես ամերիկացիները սկսել են լսել իրենց։
-Դուք ուրվագծեցիք հարաբերությունների մի կոնֆիգուրացիա, ըստ որի, ղարաբաղյան հարցի լուծումը հիմա և ի վնաս Հայաստանի Ռուսաստանին պետք չէ։ Բայց ավելի առարկայական, համոզիչ դրսևորումներ, այնուհանդերձ, չկան։ Ռուսաստանը Մինսկի խմբում կրկնում է այն, ինչ մյուս համանախագահները։
-Վերջերս Ռուսաստանից բավականին ճանաչված երկու անձինք էին ժամանել Ղարաբաղ և հանդիպել Արցախի ղեկավարության հետ։ Խոսքը վերաբերում է «Ռեգնում» գործակալության հիմնադիր և տնօրեն Մոդեստ Կոլերովին և «Քվորում» մոնիտորինգային կենտրոնի ղեկավար, վերլուծաբան Ալեքսեյ Կոչետկովին։ Որքանով տեղյակ եմ ԶԼՄ-ներից, խոսքը եղել է այն մասին, որ հայ-թուրքական սահմանի բացումն այսպիսի իրավիճակում Ռուսաստանը բոլորովին էլ չի ողջունում։ Ինչպես նաև այն, որ Ռուսաստանի և ԼՂՀ-ի շահերը բազմաթիվ հարցերում բացարձակապես համընկնում են։ Բոլորի համար էլ պարզ է, որ Ռուսաստանը և ԼՂՀ-ն անհամեմատելի միջազգային կարգավիճակ ունեցող սուբյեկտներ են, բայց ռուսական կողմից արվում են այդպիսի հայտարարություններ։
-Եվ, միաժամանակ, Ռուսաստանը չի ճանաչում ԼՂՀ-ի անկախությունը։
-Այո, բայց առայժմ։ Իրավիճակը տարածաշրջանում կրկին փոխվել է։ Ռուսաստանը հասկանում է, որ ամերիկյան նախաձեռնությամբ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը միաժամանակ հանգեցնում է Թուրքիայի դերակատարության մեծացմանն ընդհանուր տարածաշրջանի գործընթացներում, այդ թվում` ղարաբաղյան հարցում։ Դա Մոսկվայի համար միարժեքորեն անընդունելի է։ Դրա համար էլ Սանկտ Պետերբուրգում ոչ մի փաստաթուղթ չստորագրվեց։ Ռուսական գործողությունների տրամաբանությունը փոխվել է նաև մնացած բոլոր ուղղություններով։ Որովհետև Լոնդոնում տեղի ունեցած Օբամա-Մեդվեդև հանդիպման ժամանակ կողմերը կոնսենսուսի հանգեցին միայն Իրանի հարցում։ Ընդ որում, ամերիկացիներն առաջին անգամ Լոնդոնում ընդունեցին, որ Իրանն ունի խաղաղ նպատակներով ատոմային էներգետիկա զարգացնելու իրավունք։ Բայց ո՛չ Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության համակարգի, ո՛չ էլ Կովկասի հետ կապված ռուս-ամերիկյան փոխզիջում Լոնդոնում չկայացավ։ Իսկ դա տարածվում է ողջ արևելաեվրոպական ճամբարի ու հետխորհրդային տարածքի վրա, որտեղ ամերիկյան ռազմական ներկայությունը Ռուսաստանի համար անընդունելի է։
Զրուցեց Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 2023

Մեկնաբանություններ